Հայաստանի ոստիկանության ծախսերի մեծացումը ինչ-որ ուղերձ է հանրությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի հաստատած 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ կրթության եւ գիտության ոլորտին հատկացվել է Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցածր ֆինանսավորում, մինչդեռ իրավապահ մարմինների ֆինանսավորումը կտրուկ մեծացել է, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս իշխանությունների առաջնահերթությունները:
«Սա գիտության համար նվաստացուցիչ է: Ընդամենը ծախսերի կես տոկոսը: Նման բան Հայաստանի պատմության մեջ ընդհանրապես չի եղել»,- շեշտեց Մանասերյանը՝ հավելելով, որ նման պայմաններում ուղղակի անմիաստ է խոսել այն մասին, թե ինչպես է տնտեսությունը զարգանալու:
Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պակասուրդը կկազմի 4 տոկոս: Ինֆլյացիայի ֆոնին չի սպասվում աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների բարձրացում: Դրանից զատ, 2017-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 813 մլն դոլար, իսկ արդեն 2018-ին կկազմի 7 մլրդ 209 մլն դոլար:




























