Մեքսիկայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Մեադեն, որն իշխող Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունից (ԻՀԿ) նախագահի թեկնածու է առաջադրվել, առաջարկել է այս պաշտոնի բոլոր հավակնորդների հոգեկան առողջությունը հետազոտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կառաջարկենք, որ բոլոր թեկնածուները դա անեն, ցանկացածը, ով կցանկանա ընտրություններին մասնակցել, պետք է օժտված լինի ֆիզիկական եւ մտավոր լավ առողջությամբ»,- հայտարարել է Մեադեն կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա խոստացել է առաջիկայում անձամբ նման հետազոտություն անցնել:
«Մենք կհաղթենք՝ ֆիզիկական եւ մտավոր առումով առողջ լինելով»,- հավաստիացրել է երկրի նախագահի թեկնածուն:
Մեքսիկայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հուլիսին: Արդեն հիմա քաղաքական բոլոր ուժերը իրենց թեկնածուներին են առաջադրել: ԻՀԿ-ից եւս 2 քաղաքական ուժերի հետ՝ «Մեքսիկայի կանաչ էկոլոգիական կուսակցության» եւ «Նոր դաշինիքի» կողմից առաջադրվել է Մեադեն: «Ազգային վերածնունդ շարժման» կողմից ընտրություններին կմասնակցի Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Ռիկարդո Անայան առաջադրվել է «Մեքսիկայի քաղաքացիական ճակատ» կոալիցիայի կողմից, որի մեջ մտել են Ազգային գործողության եւ Դեմոկրատական հեղափոխության կուսակցությունները:




























