Որոնողական առաքելությունը պարզել է Ավստրալիայի ՌԾՈՒ HMAS AE1 սուզանավի գտնվելու վայրը, որն անհետ կորել էր 1914 թվականին Պապուա Նոր Գվինեա կղզիների մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Սուզանավի որոնման նոր արշավը մեկնարկել էր անցյալ շաբաթ: Որոնող Furgro Equator նավը սուզանավի գտնվելու վայրը պարզել է 300 մետրից ավելի խորությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
HMAS AE1 սուզանավը կորել էր 1914 թվականի սեպտեմբերի 14-ին այժմ Պապուա Նոր Գվինեա կղզիների մեջ մտնող Նոր Բրիտանիա կղզու Ռաբաուլ նավահանգստի մոտ: Պաշտպանության նախարարությունից նշել են, որ «սա Ավստրալիայի թագավորական ՌԾՈՒ առաջին կորուստն էր եւ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների սուզանավի առաջին կորուստը»: Նավի անձնակազմի 35 անդամների ճակատագիրը «Ավստրալիայի ռազմական պատմության ամենամեծ հանելուկներից մեկն էր»:




























