Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին կարծում է, որ իր նկատմամբ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելը հարձակում է սահմանադրության եւ ժողովրդավարության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է «Էնե» տեղական հեռուստաալիքի եթերում հեռարձակված ուղերձում:
«Սահմանադրությունը եւ ժողովրդավարությունը հարձակման են ենթարկվել: Մենք բախվել ենք հեղաշրջման փորձի հետ՝ քողարկված օրենսդրության իբր լեգիտիմ մեկնաբանությամբ: Սակայն մեր ընդդիմադիրների մտադրությունները բացահայտվել են նրանց հապշտապ եւ հակաիրավական գործողությունների շնորհիվ: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ամբողջ իշխանությունը պատկաներ մեկ խմբի, որը երկիրն իր քմահաճությամբ կկառավարեր»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ տեղեկություն էր հրապարակվել, որ Կուչինսկու հետ կապված ընկերությունները միջոցներ են ստացել բրազիլական շինարարական Odebrecht կորպորացիայից. 2004-ից 2013 թվականները այն մոտ 4,8 մլն դոլար էր փոխանցել՝ իբր «խորհրդատվական ծառայությունների» դիմաց:
Բռնկված սկանդալի պատճառով Պերուի Կոնգրեսը քննարկման էր ընդունել երկրի նախագահի իմփիչմենթի մասին բանաձեւը՝ կապված բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու «նրա բարոյական անընդունակության հետ»: Բանաձեւի քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին:




























