2010-ի տնտեսական ամենածանր դրսեւորումը գնաճն էր. սրանից առաջ երկնիշ գնաճ Հայաստանում գրանցվել էր միայն 1997-ին: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, նկատելով, որ 1997-ին գնաճը պայմանավորված էր գների ազատականացման գործընթացներով, այլ ոչ՝ բուն տնտեսական երեւույթներով։

«Տարեսկզբից սպառողական գների աճը գերազանցել է 8 տոկոսը։ Ընդ որում, 2010 թվականին աճը պայմանավորված չի եղել մոնետար գործոններով։ Թեպետ գնաճի հիմնական զսպողը պետք է լիներ Կենտրենական բանկը, որն էլ դրա համար իր գործիքներն է դրել շրջանառության մեջ, սակայն դրանց արդյունավետությունը բավականին ցածր է։ Տարասկզբից ԿԲ գնացել է մոնետար գործոնների ազդեցությունը չեզոքացնելու ճանապարհով»,- ասաց Ասատրյանը, հավելելով, որ գնաճի դրամական գործոնները մոտ են զրոյին:

Նա նաեւ ցավով արձանագրեց, որ ԿԲ վերադառնում է այն սխալ գործելակերպին, որը որդեգրվել էր 2008-2009 թվականներին։ «Խոսքը արժույթային շուկայում ներարկումների մասին է։ Այս տարվա 10 ամիսների արդյունքում, մեր երկրի պահուստները նվազել են շուրջ 160 մլն դոլարով։ ԿԲ շարունակում է ինտերվենցիաների այն քաղաքականությունը, որը դատապարտեցին բոլորը։ Ավելին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ դրամն արժեւորվում է. դոլարի նկատմամբ դրամն արժեւորվել է մոտ 5, 5 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 15 տոկոսով, ռուսական ռուբլու հանդեպ՝ 7 տոկոսով։ Սա նշանակում է, որ ԿԲ գնաճի զսպման համար որդեգրել է մի քաղաքականություն, որի իրագործման հիմնական միջոցը պետք է լիներ ազգային արժույթի արժեւորումը։ Այստեղ, իհարկե, թաքնված է մի երկրորդ գաղտնիք՝ գնաճի արտաքին գործոնների զսպմանն ուղղված քաղաքականություն»,- ասաց Ասատրյանը։

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ գնաճի թիվ 1 պատճառը առկա տնտեսական համակարգն է՝ մենաշնորհները եւ իշխանությունների անկարողությունը՝ կարգավորել առկա վիճակը։