Քանի դեռ Մոսկվան չի հրաժարվում Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելուց, Ռուսաստանի հետ Բրիտանիայի  հարաբերությունները չեն կարող ընթանալ նորմալ հունով։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 22-ին՝  Մոսկվա այցի նախօրեին, հաղորդում է Reuters-ը։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող ընթանալ նորմալ հունով, քանի դեռ Ռուսաստանը  փորձում է ապակայունացնել դրությունը եվրոպական պետություններում, այդ թվում՝ Ուկրաինայում»,-ասել է Ջոնսոնը իր կաբինետի հրապարակած հայտարարությունում՝  Ռուսաստանի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ: Այնուամենայնիվ, միջազգային անվտանգության համար կարեւոր է, որ մենք երկխոսության մեջ լինենք, քանի որ իրար չհասկանալու կամ թյուրիմացությունների հետեւանքները լուրջ են: Իմ այցը Ռուսաստան տեղի է ունենում կրիտիկական պահի, քանի որ մեզ անհրաժեշտ է միասին աշխատել, որպեսզի լուծենք ամենաէական գլոբալ խնդիրները »:

Նրա խոսքով՝  նա մտադիր է Մոսկվայում քննարկել Իրանի միջուկային ծրագրի պահպանման շուրջ համատեղ աշխատանքը, Հյուսիսային Կորեայից եկող  սպառնալիքները եւ հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի առաջնությունը: