Փոքրիկ կանաչ հումանոիդ, իմաստուն ուսուցիչ, ջեդայ մագիստրոս Յոդան՝ «Աստղային պատերազմների» տիեզերքից արտահայտությունները շրջուն շարադասությամբ կառուցելով է խոսում, հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանից Դեւիդ Ադջերի խոսքով՝ հաջողվել է վերաստեղծել Յոդայի մայրենի լեզուն, որը հավայերենն է:
Ադջերի «լեզվաբանական խուզարկումները» նրան հանգեցրել են այն մտքին, որ Յոդան պետք է որեւէ մայրենի լեզու ունենար, որը նրա անգլիական խոսքին շրջուն շարադասության էֆեկտ էր տալիս:
«Ջորջ Լուկասը Յոդայի մասին ոչ մի բան չի պատմում: Ակնհայտ է, որ այս այլմոլորակայինը անգլերենին որպես երկրորդ լեզու է տիրապետում: Նրա մայրենի լեզուն, որը «յոդիշերեն» եմ անվանել, միագամայն հանելուկային է»,- ասել է լեզվաբանը:
Նա իր ուսանողների հետ սկսել է ուսումնասիրել մագիստրոս Յոդայի անգլերենի առանձնահատկությունները, որոնք ինչ-որ բան կհուշեին ջեդայի անցյալի մասին: «Անգլերեն խոսող ֆրանսիացու հնչերանգով կարող եմ հասկանալ, որ իմ դիմաց ֆրանսիացի է: Նոր լեզվում անխուսափելիորեն պահպանվում են մայրենի լեզվի կառուցվածքները»,- պարզաբանել է Ադջերը:
Յոդայի արտահայտություններն ուսումնասիրելով՝ պրոֆեսորը եզրակացրել է, որ ջեդայի խոսքի անգլերեն բոլոր բառերը ճիշտ այնպես են կառուցվում, ինչպես հավայերենում:



























