Աշխարհի խոշորագույն չինական AG600 երկկենցաղ օդանավը, որը նախատեսված է հրդեհների մարման համար, հջողությամբ ավարտել է առաջին թեստային թռիչքը, հեռարձակումը կատարել է CCTV-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օդանավը օդ է բարձրացել Չինաստանի Չժուհայի օդանավակայանից եւ օդում անցկացրել է 64 րոպե, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 3 հազար մետր: Օդանավին այլ օդանավեր են ուղեկցել: Փորձնական թռիչքի ընթացքում հիմնականում իրականացվել է օդանավի տեխնիկական բնութագրերի, մանեւրայնության եւ կայունության ստուգում: Օդանավի անձնակազմը 4 մարդուց էր կազմված:
Չինաստանը AG600-ի կառուցումն ավարտել էր անցյալ տարվա հուլիսին:
Օդանավը համանման տեխնիկայով նմուշների թվում խոշորագույնն է ոչ միայն Չինաստանում, այլ նաեւ աշխարհում: Այն նախատեսված է հրդեհների մարման եւ ջրում փրկարարական աշխատանքների իրականացման համար: AG600-ը նաեւ ծովի միջավայրի, ուղեւորատար եւ բեռնատար փոխադրումների մոնիթորինգ, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում անցկացնելու սարավորում ունի:



























