Ճապոնիայի իշխանությունները որոշել են վերականգնել Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) ֆինանսավորումը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը:
Տոկիոյի ներդրումը կազմակերպության բյուջեի մեջ կկազմի 35 մլն դոլար: Այս գումարը կտրամադրվի կազմակերպությանը մինչեւ դեկտեմբերի վերջը: Ըստ հեռուստաընկերության՝ ճապոնական ղեկավարության քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջերս արված հայտարարության հետ, ըստ որի կազմակերպությունը կխուսափի գնահատականներ տալ այն հարցերին, որոնք կարող են քաղաքական լարվածություն առաջացնել:
Ճապոնիան դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը 2016 թվականի հոկտեմբերին: Տոկիոն կայացրել էր այս որոշումը այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառվել էին նաեւ 1937 թվականի իրադարձությունների մասին փաստաթղթերը, երբ, Պեկինի վարկածի համաձայն, ճապոնացի զինվորները չինական Նանկին քաղաքում մոտ 300 հազար չին զինվոր էին սպանել: Տոկիոն հայտարարել էր, որ կպահանջի փոփոխություններ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակներում գրանցման համակարգում:




























