ԱՄՆ արդարադատության նախարարությունում սեռական ոտնձգությունների դեպքերը պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել, իսկ մեղավորները արժանի ձեւով չեն պատժվել: Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով գերատեսչության գլխավոր քննիչ Մայքլ Հորովիցին։
«Մենք խոսում ենք նախագահի կողմից նշանակված անձանց, քաղաքական նշանակումների, հատուկ նշանակության գործակալների, դաշնային դատախազների, վերահսկիչների, դատական ծառայության ղեկավարի տեղակալի, այդ ծառայության ղեկավարի օգնականի, գլխավոր դատախազի տեղակալի մասին»,-ասել է Հորովիցը: Նրա խոսքով՝ նախարարությունում առկա են «համակարգային խնդիրներ»՝ կապված հետապնդումների կամ ոչ պատշաճ վարքագծի շուրջ բողոքների հետ:
Որպես օրինակ, պարբերականը հիշատակում է այն դեպքը, երբ արդարադատության նախարարության քաղաքացիական հարցերով աշխատակիցներից մեկը անբարո գործողություններ էր կատարել դատարանում աշխատող երկու կանանց նկատմամբ՝ իրեն թույլ տալով տհաճ արտահայտություններ: Ընդ որում, ավելի վաղ այդ անձը արդեն կարգապահական տույժի էր ենթարկել իր գործընկերներին սեռական բնույթի էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու համար:
Այնուամենայնիվ, այս իրավաբանը չի հեռացվել աշխատանքից, ավելին՝ պաշտոնի իջեցում չի եղել կամ չի զրկվել աշխատավարձից: Ըստ Հորովիցի, տվյալ դեպքում խոսքը կարող էր լինել քրեական հետապնդման մասին: Նման մի քանի միջադեպեր էլի են եղել, բայց ավարտվել են մեղավոր անձանց աննշան պատիժներով, ինչպես օրինակ՝ այլ բաժիններ տեղափոխվելով: Այդ մարդիկ նույնիսկ պարգևների են արժանացել ծառայության մեջ հաջողությունների համար:
Այս ամենը տեղի է ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում: Մայիսին Հորովիցը զեկույց է ներկայացրել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնին: Նախարարության ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ այդ ժամանակից ի վեր ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ նման երեւույթների դեմ պայքարի միջոցներ մշակելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























