Թուրքական Taraf թերթի սկանդալային նյութեր հրապարակող լրագրողի նկատմամբ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դատական հայց է ներկայացնում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։
Մամուլի ասուլիսում անդրադարձել է մի քանի օր առաջ Էրուհ եւ Շիիրտ շրջաններում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ տեղի ունեցած բախմանը, նշելով որ քուրդ զինյալները նույնպես լուրջ կորուստներ են ունեցել։ Նա նշեց, որ բախումից հետո քուրդ զինյալների հեռախոսային խոսակցություններից հայտնի է դարձել, որ զոհվածների դիակները այլ տեղ են տեղափոխել։ Բարձրաստիճան պաշտոնյան խոսել է նաեւ վերազինվող M-60 տանկերի հետ կապված խնդիրներին՝ հավաստելով, որ դրանով զբաղվող իսրայելական ընկերությունը խոստացել է լուծել վերազինված տանկերում առկա խնդիրները։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի իրավական խորհրդատու գեներալ Հըֆզը Չուբուքլուն անդրադարձել է հունիսի 12-ի Taraf թերթում հրապարակված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագրի» շուրջ ընթացող զարգացումներին։ Նա նշեց, որ այդ խնդրով ընթանում է հետաքննություն, ինչպես նաեւ իրենք դատական հայց են ներկայացրել այդ տեղեկությունը հրապարակած Taraf թերթի լրագրող Մեհմեդ Բարանսուի նկատմամբ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2008 թվականի հունիսի 12-ին թուրքական Taraf թերթում հայտնվել էր ֆունդամենտալիզմի դեմ պայքարի շրջանակներում «Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Գյուլենի վերացման ծրագիրը», անունը կրող փաստաթուղթ։ Ըստ այդ ենթադրյալ փաստաթղթի՝ Թուրքիայի գլխավոր շտաբի հատուկ նշանակության վարչությունը որոշել էր վերացնել իշխող կուսակցությանը եւ նրա կրոնական հենարան Ֆեթուլահ Գյուլենին։ Այդ փաստաթղթի տակ կար ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությունը։ Այդ առթիվ Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացավ, իսկ վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ պարզեն այդ գործի մանրամասները։ Այդ գործով հետաքննությունը դեռեւս շարունակվում է։




























