Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 28-ին կայացած նիստին բավարարել է «Էլբատ» ՓԲԸ-ի դիմումը՝ տեխնիկական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Ընկերությունը, մասնավորապես, դիմում էր ներկայացրել 147,7  մլն դրամ ընդհանուր արժեքով սարքավորումները եւ հումքը ներմուծման ԱԱՀ-ից ազատելու համար:

Փոխնախարարի խոսքերով՝ ընկերությունը իր 14,5 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է  78 նոր աշխատատեղ ստեղծել՝ 198 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընդ որում, ընկերությունը նախատեսում է արտադրության ծավալը հասցնել տարեկան 1,5 միլիարդի, որի մի մասը կիրացվի Հայաստանում, մյուս մասը՝ ԵԱՏՄ շուկաներում:

Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ուժակուտակիչների եւ մարտկոցների արտադրության մեջ: Միեւնույն ժամանակ, այս սարքավորումները չեն կարող ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն համապատասխանում ընկերության տեխնիկական պահանջներին: