Սառը մեթոդով սուրճ եփելը հանգեցնում է ըմպելիքում կոֆեինի խտության մակարդակի բարձրացման: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանից քիմիկոսները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում:
Գիտնականները հետազոտել են սուրճի 4 տեսակ՝ համեմատելով ավանդական եռացրած եւ սառը ջրով եփած ըմպելիքները: Հետազոտության մեջ օգտագործվել են խոշոր եւ միջին չափով աղացած միջին եւ շատ խարկած սուրճի հատիկներ:
Համեմատելով ստացված ըմպելիքների քիմիական բաղադրությունը՝ գիտնականները եզրակացրել են, որ սուրճի սառը պատրաստումը, օրինակ՝ շատ խարկած եւ խոշոր աղացած, ըմպելիքի լիտրում 1000 մգ կոֆեին է պարունակում: Իսկ եռացրած ջրով պատրաստելու դեպքում այս նյութի խտությունը 800 մգ-ը չի գերազանցոմ:
Ամերիկացի գիտնականները նախկինում պարզել էին, որ շաբաթվա ընթացքում խմած սուրճի յուրաքանչյուր գավաթը սրտի կաթվածի հավանականությունը 7 տոկոսով նվազեցնում է, իսկ գլխուղեղի կաթվածինը՝ 8 տոկոսով՝ նրանց համեմատությամբ, ովքեր այս ըմպելիքը չեն խմում:




























