Զիմբաբվեի իշխանությունները պաշտոնական տեղեկատվություն են հրապարակել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեին արտոնությունների տրամադրման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Հերալդ» թերթը:
Փաստաթղթում նշվում է, որ նախկին նախագահին կտրամադրվի առնվազն վեց թիկնապահ, երկու վարորդ, երկու անձնական քարտուղար, երկու անձնական օգնական եւ գրասենյակի երկու աշխատակից: Միեւնույն ժամանակ, Մուգաբեն ամբողջովին կահավորված գրասենյակ կունենա Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի ցանկացած մասում :
Եթե Մուգաբեն անձնական կեցավայրի կարիք ունի, ապա այդ նպատակով հատկացված հողատարածքը չպետք է գերազանցի 5 հազար քառակուսի մետրը: Տունը պետք է ունենա հինգ ննջասենյակ, լողավազան, երկու պահակային տարածք եւ երկու ավտոտնակ: Կեցավայրի աշխատակիցների շարքում պետք է լինի առնվազն երեք տնային աշխատող, երկու այգեպան, երկու խոհարար, երկու մատուցող եւ երկու լվացարարուհի: Համապատասխան դրույթները հրապարակվել են պաշտոնական կառավարական բյուջեի նորմատիվ իրավական ակտերի բաժնում:
Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսվա վերջին զինված ուժերի եւ իշխող կուսակցության ղեկավարության ճնշման ներքո 93-ամյա Մուգաբեն հրաժարական էր տվել: Իշխող կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան կղեկավարի երկիրը մինչեւ 2018 թվականի օգոստոս ամսի հաջորդ ընտրությունները:




























