Մինչ այժմ ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության եւ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գենետիկորեն ձեւափոխված սերմերի փորձաքննություն չի իրականացվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում ավելի քան 20 տարի գործող եւ ԳՁՕ սերմերի ներմուծմամբ զբաղվող «Monsanto» ընկերության կողմից ներմուծված սերմերը ստուգվե՞լ են Հայաստանում եւ ինչ ընթացակարգով է կատարվել ստուգումը:
Նախարարը նշել է, որ «Monsanto» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ագրոլայն» ՍՊԸ-ն, որը 1998 թվականից հանդիսանում է «Seminis» եւ «De Ruiter seeds» ընկերությունների ներկայացուցիչը. «2005 թվականին « Monsanto»-ն գնել է «Seminis» ընկերությունը եւ 2007 թվականին վերանվանվել «Monsanto Holland BV»: 2008 թվականին «Monsanto Holland BV»-ին է միացել նաեւ «De Ruiter seeds» ընկերությունը: 2015 թվականին «Monsanto» ընկերությունը Հայաստան է ներմուծել 227.33, 2016-ին՝ 118.4 եւ 2017 թվականին՝ 125 կգ բանջար-բոստանային մշակաբույսերի սերմեր»:
Նախարարի խոսքով, Հայաստանում սերմերի շուկան ազատականացված է, եւ դրանց շրջանառությունը կարգավորվում է «Սերմերի մասին» ՀՀ օրենքով, որը չի տարածվում գենետիկորեն ձեւափոխված սերմերի վրա:
Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ ԳՁՕ սերմերի ու մթերքների առկայությունը կարող է վտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը, Իգնատի Առաքելյանն ասել է. «Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովմանն ուղղված հարցերը գտնվում են ՀՀ գյուղնախարարության ուշադրության կենտրոնում: Այդ հարցերի կարգավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: 2017 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին հանդիպումը նիստը, որի ընթացքում ՀՀ գյուղնախարարը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, անհրաժեշտ լրամշակումներ կատարել եւ ուղարկել բոլոր անդամներին՝ կարծիքներ ներկայացնելու նպատակով»:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին «Monsanto» ընկերության գործունեության շնորհանդես ժամանակ ԱՄՆ Միջազգայի առեւտրային վարչակազմի քարտուղարի՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով օգնական Մայքլ Լելին նշել էր, որ Monsanto-ն, որը զբաղվում է ԳՁՕ սերմերի արտադրությամբ նոր սերմեր է ներկայացնում:: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:
ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:
Ավելի ուշ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշել էր, որ Monsanto ընկերությունը վստահեցրել է, որ ԳՁՕ սերմեր չի ներմուծում, մաքսատներում էլ նման սերմեր չեն հայտնաբերվել: Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն էլ նշել էր, որ ներկայումս, «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը ընդհանուր ներկրման մեջ:




























