Վենեսուելայի կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացնել 40 տոկոսով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Ես հայտարարում եմ երկրում 40 տոկոսով նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին»,-ասել է նա իր ամանորյա ուղերձում, որը հեռարձակվել է Venezolana de Television-ի եթերում: Նախագահի խոսքով՝ այդպիսով նվազագույն աշխատավարձը 177,5 հազար բոլիվարից կբարձրանա մինչեւ 248,500-ի: Ըստ պետական փոխարժեքի`10 բոլիվարը հավասարազոր է 100 դոլարի, բայց  սեւ շուկայում մեկ դոլարի համար առաջարկվում է շուրջ 110 հազար բոլիվար։

Մադուրոն իր ուղերձում նշել է, որ 2017 թվականը «բոլիվարյան հեղափոխության ամենադժվար տարիներից մեկն էր»: «2017 թվականին, երբ սկսվել էր տնտեսության վերականգնումը, ուժեղացել էին մեր արժույթի վրա հարձակումները, եւ նավթային արդյունաբերության դեմ ուղղված սաբոտաժային գործողությունները հաճախակի էին դարձել»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, նախագահը նշել է, որ չնայած դժվարություններին` Վենեսուելան կարողացել է հասնել «սոցիալական խաղաղության եւ քաղաքական կայունության»:

Վերջին տարիներին Վենեսուելան զգալի սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրել: Այս ֆոնին անցյալ տարվա ընթացքում իշխանությունները երկրում հինգ անգամ բարձրացրել էին նվազագույն աշխատավարձը:

Արժույթի միջազգային հիմնադրամը նախապես կանխատեսել էր, որ 2017 թվականի վերջին Վենեսուելայում սպառողական գների աճը կազմելու է 652,7 տոկոս, իսկ 2018 թվականին` 2349,3 տոկոս: 2016 թվականին գնաճը հասել է 254.4 տոկոս ի, իսկ ՀՆԱ-ն  կրճատվել 16.5 տոկոսով: