Հորդանանի կառավարության անդամները եւ խորհրդարանի պատգամավորները կիրակի օրը Աբդալահ II թագավորին աջակցություն են հայտնել։ Al Jazeera հեռուստակայանի տվյալներով՝ նրանք եկել էին երկրի Ազգային ժողովի նիստին՝ միապետի դիմանկարով կրծքանշաններ ամրացրած: Այսպես, նախարարներն ու պատգամավորները համերաշխություն էին հայտնել թագավորին, որը, հեռուստակայանի փոխանցմամբ, ամերիկյան վարչակազմի կողմից ուժեղ ճնշման էր ենթարկվել Երուսաղեմի իր դիրքորոշման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Աբդալահ II-ը հանդես էր եկել երեք միաստվածային կրոնների համար սուրբ քաղաքի կարգավիճակի պաշտպանության օգտին եւ կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու իր որոշումը: Միապետի դիրքորոշումը ողջունել էին դեկտեմբերին Ամանում եւ այլ քաղաքներում ընթացող զանգվածային ցույցերի մասնակիցները:
Նախարարների ու պատգամավորների կիրակնօրյա ակցիան, որով նրանք աջակցություն են հայտնել Աբդալահ II-ին, տեղի էր ունեցել Հորդանանում հեղաշրջման փորձի ասեկոսեների ֆոնին, որն իբր նախատեսում էին իրականացնել արքայազն Ֆեյսալ բեն Հուսեյնը, Ալի բին Հուսեյնը եւ Թալալ բեն Մուհամեդը, որոնք ազատվել էին զինված ուժերում զբաղեցրած պաշտոններից։ Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ Հորդանանի թագավորի դեմ դուրս գալ նրա եղբայրներ Ֆեյսալին ու Ալիին,ինչպես նաեւ նրա ազգական Թալալ բեն Մուհամեդին հորդորել էր սաուդյան արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, որը դժգոհ էր Աբդալահ II-ի քաղաքականությամբ սիրիական եւ եմենյան հակամարտությունների առնչությամբ։




























