Պակիստանի ԱԳ նախարար Խավաջա Ասիֆը հայտնել է, որ ամերիկյան ֆինանսական  օգնության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքն «արդեն նշանակություն չունի», քանի որ Պակիստանի իշխանություններն արդեն հրաժարվել են ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ընդլայնելուց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արդեն ԱՄՆ-ին ասել ենք, որ չենք անի ավելին, այնպես որ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ «այլևս նման բան չի լինելու» նշանակություն չունի ․․․Պակիստանը պատրաստ է հրապարակավ մանրամասն տվյալներ ներկայացնել ԱՄՆ-ից ստացած օգնության մասին»,- հայտնել է նախարարը։

Պակիստանի ԱԳ նախարարը համարում է, որ Թրամփը հարձակվել է Պակիստանի վրա, քանի որ «բարկացած է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողությունների պատճառով»։ Նախարարը դեմ է արտահայտվել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությանը ու շեշտել, որ «հնարավոր է միայն խնդրի խաղաղ լուծումը»։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն էր ուղարկում Պակիստանին, սակայն Իսլամաբադը չէր օգնում ահաբեկչության դեմ պայքարում ու  թաքցնում էր Աֆղանստանի զինյալներին, և հավելել , որ «այլևս նման բան չի լինելու»։