ԱՄՆ-ն պետք է միջոց գտնի հակազդելու Ռուսաստանի միանգամայն  առաջավոր նոր ռազմավարությանը, որը Ռուսասանը շատ չափանիշներով է կատարելագործել: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերթ Մակմասթերը:

Գեներալի խոսքով՝ այս նոր սպառնալիքը ներառում է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցցանցերի օգտագործում, որպեսզի պառակտեն հասարակությանը եւ միմյանց դեմ տրամադրեն սոցիալական խմբերին: «Ռուսներն ակտիվություն են դրսեւորել նաեւ Եվրոպայում,- նշել է գեներալը,- ե՛ւ Ֆրանսիայում վերջերս անցկացված ընտրություններում, ե՛ւ Կատալոնիայի կարգավիճակի վերաբերյալ իսպանական հանրաքվեում: Մենք նրանց ակտիվությունը տեսել ենք Մեքսիկայում, Չեռնոգորիայում խռովություն հրահրելու փորձերը: Առաջին կարեւոր քայլը անկայունության ռուսական արշավի քողազերծումն է, որը բոլորին թույլ կտա տեսնել նրանց իրական մտադրությունները, հետեւաբար՝ կթուլացնի նրանց հնարավորությունները մարդկանց մեջ անվստահություն սերմանելու եւ հանրությանը իրար դեմ տրամադրելու համար»:

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը համանման գործողություններին, սակայն ամեն ինչ բավականին անհամոզիչ է անում:

Գեներալի կարծիքով՝ արաբական յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, թե Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում հատկապես ինչ է անում, իսկ հատկապես ձգտում է օգտագործել Իրանի ապակառուցողական գործողությունները, որը տարածաշրջանում քաղաքացիական պատերազմ է հրահրում եւ աջակցում է «Հիզբոլլահի» նման ահաբեկչական խմբավորումներին: «Նման աջակցության համար Ռուսաստանը ստիպված կլինի թանկ վճարել»,- նշել է Մակմասթերը: