Սիրիայում իսլամական ծայրահեղականների կողմից 2014թ. հունվարին դաժանաբար սպանված հայ Մինաս Լեւոնյանի ընտանիքը դեպքից հետո Հայաստան է տեղափոխվել: Չնայած Լեւոնյանի կինը՝ Անժել Աջեմյանն աշխատում է, աշխատավարձը միայն բավականացնում է երեք դպրոցահասակ երեխաներին պահելուն, իսկ բնակարան գնել այդպես էլ չեն կարողանում:

NEWS.am-ի հետ զրույցում Անժել Աջեմյանը հիշում է ընտանիքի տղամարդկանց դաժան պատմությունը: 2013թ. օգոստոսին Հալեպում ռումբերի չդադարող պայթյուններին Անժելայի հոր՝ Մովսես Աջեմյանի սիրտը չդիմացավ… հոր մահից ընդամենը 15 օր անց էլ ամուսնուն ու սկեսրայրին իսլամական ծայրահեղականները գերի վերցրին, չորս ամիս անց դաժանաբար սպանեցին…

«Հալեպում մեզ համար այլեւս ապահով չէր, անընդհատ սպառնալիքներ էինք լսում, մի բարերար օգնեց գալ Հայաստան: 2014թ. ամռանը տեղափոխվեցինք Հայաստան: Հիմա փառք Աստծո, ես աշխատում եմ, բայց հազիվ երեխաներիս եմ կարողանում պահել, վարձով ենք ապրում: Այժմ փորձում ենք գումար հավաքել, որ տուն գնենք երեք երեխաներիս համար»,- պատմում է Անժելը:

Անժելի երեխաները՝ Հովհաննեսը, Մովսեսն ու Մեղեդին, հաճախում են դպրոց Երևանում: Մովսեսը հաղթում է թեքվանդոյի մրցաշարերում, Մեղեդին սովորում է ջութակ նվագել:

Մինաս Լեւոնյանի եւ հոր մարմիններն էլ այսքան տարի անց չեն վերադարձրել: Անժել Աջեմյանը չի կարողանում վերադառնալ Սիրիա՝ ամուսնու եւ հոր գերեզմանները գտնելու եւ Հալեպի բնակարանը փորձել վաճառել:

Սիրիահայ ընտանիքին աջակցելու եւ բնակարան գնելու համար ֆեյսբուքյան փակ խմբում Նարինե Դավթյանն ընկերների հետ նախաձեռնել է հրատապ դրամահավաք: Ֆեյսբուքյան խմբում պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում հավաքված գումարի մասին: