ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը կտրուկ քննադատել է Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած էմբարգոյի քաղաքականությունը: Շրջափակումը ապօրինի եւ հնացած միջոց է, հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 4-ին՝ Կուբա կատարած երկօրյա այցի ժամանակ, հայտնում է DW-ն: «Եվրոպացիները հաճախ այս մասին խոսում են ամերիկացի ընկերների հետ, մենք նաեւ դա հայտարարել ենք ՄԱԿ-ում»,-նշել է դիվանագետը:
ԱՄՆ-ի էմբարգոյի միակ հետեւանքը, նրա կարծիքով, սովորական կուբացիների կյանքի վատթարացումն է: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տասնամյակների առճակատումից հետո հռչակել էր երկու երկրների միջեւ մերձեցման քաղաքականություն: 2015 թվականին վերականգնվել էին Վաշինգթոնի եւ Հավանայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները: Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ երկկողմ հարաբերությունները նորից վատթարացել են: Մասնավորապես, նոյեմբերին նա հրաման է արձակել, որով Կուբայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ենթակայության տակ գտնվող կուբայական ընկերությունների հետ գործարքները արգելվել են:
«Ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր պատեր են կառուցում եւ փակում դռները, մենք՝ եվրոպացիներս, կառուցում ենք համագործակցության կամ երկխոսության կամուրջներ եւ բացում ենք դարպասները»,-շեշտել է Մոգերինին: Եվրամիությունը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնել է իր տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը Կուբայի հետ: Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ նրանց միջեւ տեսակետների տարբերություններ շարունակում են լինել եւ այդ թեմայի շուրջ անհրաժեշտ են հետագա բաց քննարկումներ ծավալել։




























