Իսրայելի խորհրդարանը (Կնեսեթ) նախնական ընթերցմամբ ընդունել է ահաբեկիչների  մահապատժի  մասին օրինագիծը , հաղորդում է Коммерсант.ру-ն։

«Ահաբեկչական գործողությունների համար պատասխանատուները կդատապարտվեն մահվան: Մահվան դատավճիռ կայացնելու համար յուրաքանչյուր դատական ատյանի 3 դատավորներից երկուսի կարծիքը բավարար կլինի»,-նշված է  Կնեսեթի կայքում: Փաստաթղթի համաձայն՝ մահվան դատավճիռը  հնարավոր չի լինի մեղմացնել:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հետագայում մեկնաբանել է խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը: «Ահաբեկիչների համար մահապատիժի մասին օրենքի ընդունումը ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ միջոցներից եւ լուրջ զսպող գործոն կդառնա: Ահաբեկիչ մարդասպանները չպետք է անպատիժ մնան», - նշել է Լիբերմանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանը ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագծի ընդունման աջակցությունը ստացել էր 2017 թվականի դեկտեմբերի վերջին: «Մեր տունը Իսրայելն է»  կուսակցությունը, որը ղեկավարում էր Լիբերմանը, մի քանի անգամ առաջ էր քաշել այս օրենքը, սակայն այն չէր անցել կառավարության եւ խորհրդարանի հաստատման անհրաժեշտ փուլերը:

Իսրայելը պատկանում է այն երկրների ցանկին, որտեղ մահապատիժը օրենքով չի վերացվել, բայց,  փաստացիորեն,  չի կիրառվում: