Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին տուն են ուղարկել ներման անսպասելի տեղեկությունից հետո: Կլինիկայից, որտեղ 79-ամյա նախկին նախագահը գտնվում էր առողջական վիճակի պատճառով, նրան տուն է տարել որդին՝ պերուացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կենխո Ֆուխիմորին, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ Ճրագալույցի օրը Պերուի նախագահ Պաբլո Կուչինսկին ներել էր ազատազրկված Ֆուխիմորիին: Կուչինսկու գրասենյակը այս որոշումը պատճառաբանել է նախկին նախագահի առողջական վիճակով, որը կյանքին վտանգ սպառնացող անբուժելի հիվանդությամբ է տառապում:
Ֆուխիմորիի ներումը պերուացիներից շատերի համար էր անսպասելի: Քննադատները Կուչինսկուն կասկածում են նախկին նախագահի որդու հետ համաձայնության գալու մեջ: Որոշ ժամանակ առաջ կոռուպցիայի հետ կապ ունեցող նախագահը կարողացել է իմփիչմենթից խուսափել միայն խոշորագույն ընդդիմադիր կուսակցության մի շարք պատգամավորների աջակցության շնորհիվ, որը ղեկավարում է Կենխո ֆուխիմորին: Կուչինսկու գրասենյակը այս մեղադրանքն արդեն հերքել է:
Ալբերտո Ֆուխիմորին Պերուն ավտորիտար մեթոդներով ղեկավարել է 1990-ից 2000 թվականներին: Մարդու իրավունքների խախտումների եւ կոռուպցիայի համար նա 25 տարվա ազատազրկման է դատապարտվել: Սահմանված պատժից Ֆուխիմորին կրել է 12 տարի:




























