Գյուղատնտեսության նախարարությունը դիզվառելիքը չսուբսիդավորելով գյուղացուն ավելի շատ վնաս է տալիս, քան թե եղանակային անբարենպաստ պայմանները: Այս մասին այսօր` հունվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով այն փաստին, որ նախորդ տարվանից սկսած գյուղատնտեսության  նախարարությունը դադարեցրել է սուբսիդավորել գյուղացիներին տրվող դիզվառելիքը:

«Սա անընդունելի է, գյուղնախարարությունը ի՞նչ է մտածում այս մասին, փոխանակ օգնեն գյուղացուն, մի հատ էլ իրենք հարված հասցրին: Զարմանում եմ, որ գյուղնախարարը փոխանակ կառավարությունում պայքարի, որ արտոնյալ պայմաններ ստեղծի գյուղատնտեսության համար, հակառակն է անում»,-ասաց գյուղատնտեսը` հավելելով, որ հերիք չի դիզվառելիքը չի սուբսիդաորվում, մի հատ էլ հունվարի 1-ից այն թանկացել է:

Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, ԵԱՏՄ երկրներում գյուղացիներին հատկացվող դիզվառելիքը սուբսիդավորվում է:

Նշենք, որ նախորդ տարի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պարարտանյութի ու դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն անարդյունավետ ու աննպատակահարմար է: Այս տարվանից նախատեսվում է ընդհանրապես չսուբսիդավորել գյուղացիներին հատկացվող դիզվառելիքը եւ պարարտանյութերը:

Նշենք, որ հունվարի 1-ից բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, դիզելային վառելիքը՝ 60 դրամով: