Հնդիկ սադհու վանականը որոշել է իր սուրբ լինելն ապացուցել՝ առնանդամով քաշելով միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Վանականը սա արել է Մահա Կումբհա զանգվածային ուխտագնացության ժամանակ Ալլահաբադ քաղաքում։ Հազարավոր ուխտավորներ ամբողջ երկրից գալիս են այստեղ եւ հանդիպում են այն վայրում, որտեղ Գանգես, Յամունա եւ Սարասվատի երեք սուրբ գետերը միախառնվում են:
Հինդուիզմում սադհուն վանականն է, որը հեռացել է աշխարհից ու աշխարհիկ հաճույքներից։ Մարդիկ նրանց հարգում են եւ վախենում նրանց անեծքներից։ Համարվում է, որ իրենց հոգեւոր գործունեությամբ նրանք ուղղում են ինչպես իրենց, այնպես էլ բոլոր մարդկանց կարման։ Սադհայի համար ընդհանուր հոգեւոր պրակտիկա չկա՝ ոմանք հեռանում են քարանձավներ, ոմանք տարիներով նստում են մի դիրքով, ոմանք էլ կանեփ են ծխում՝ այդպիսով հասկանալով տիեզերքի ու Աստծո բնությունը։
Ֆիզիկական ու հոգեւոր ուժերի զարգացումը սադհաների համար փորձ է դուրս գալ Սանսարայի անիվից։




























