«Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարեղյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

«Նշված անձինք այս պահին շարունակում են հացադուլը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց նա:

Գոռ Ղլեչյանը նաեւ պնդեց, որ «Սասնա ծռերի» համակիրների տարածած հայտարարությունն այն մասին,որ հացադուլավորների խցերում անմարդկային պայմաններ են տիրում, իրականությանը չի համապատասխանում:

Դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի  պաշտպան Արմինե Ֆանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի վիճակն այնքան էլ լավ չէ, ունի լուրջ առողջական լուրջ խնդիրներ:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ից հացադուլի մեջ է նաեւ Արայիկ Խանդոյանը ։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաեւ պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի եւ Նորք-Մարաշ խմբի անդամ Հարություն Սարիբեկյանի առողջական խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից։ Պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ մենախուց։ Ներկայումս պահվում է հացադուլավորների խցում, եւս երկու հացադուլավորների հետ։ Ունի առողջական խնդիրներ։

Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից։ Ունի բավականին լուրջ առողջական խնդիրներ։ Պահանջում է այդ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն։ Պահվում է հացադուլավորների խցում՝ միայնակ։