2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին Պուտինը լուրջ մրցակիցներ չի ունենա: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

Փորձագետը կարծում է, որ, հրաժարվելով ՌԴ-ում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պաշտոնական թեկնածուն լինելուց, գործող նախագահը փաստացիորեն ինքնուրույն է առաջադրվել: Ամենայն հավանականությամբ, ըստ Ցիգանոկի, Պուտինի այս որոշումը պայմանավորված է կուսակցության հասցեին հնչող խիստ քննադատությամբ, ինչից պետության ղեկավարը ցանկանում է հեռավորություն պահպանել:

Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ առավել հավանական է, որ առաջիկա 6 տարիները Պուտինի նախագահության վերջին տարիները կլինեն (Ռուսաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս նրան եւս մեկ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը 2024 թվականին), քանի որ նա արդեն ղեկավարել է երկիրը ավելի երկար, քան ԽՄԿԿ ԿԿ-ի (Խորհրդային միության Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Քաղաքական բյուրո) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը:

Անատոլի Ցիգանոկը կանխատեսում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին կհաջողվի հավաքել ձայների 65-68 տոկոսը, իսկ երկրորդ տեղում կլինի Վլադիմիր Ժիրինովսկին` ձայների 7-12 տոկոսով: Իսկ ազատական ընդդիմադիր թեկնածու Քսենիա Սոբչակը կստանա ընտրողների ձայների առավելագույնը 3 տոկոսը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին: