Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով առաջին նիստն այսօր` հունվարի 8-ին, հետաձգվեց:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից Գայանե Գալոյանը խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:
«Իմ գործընկերները մինչեւ հիմա անվճար են ինձ օգնել, չեմ ուզում բեռ լինել: Ես մենակ եմ, օգնող չունեմ, ֆինանսական միջոցներ էլ չունեմ փաստաբաններին վճարելու, դրա համար խնդրում եմ ինձ հանրային պաշտպան տրամադրել»,- ասաց Գալոյանը:
Նշենք, որ նախաքննության ընթացքում Գալոյանի շահերը պաշտպանում էր վեց փաստաբան: Նրանցից չորսն այսօր դատարանում էր եւ չառարկեց ներկայացված միջնորդությանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը:
Այսօրվա նիստին ներկա չէր նաեւ ամբաստանյալներից Բաբկեն Գասպարյանի պաշտպան Սիրանույշ Հարությունյանը:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ նշանակել հունվարի 22-ին:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Նշենք, որ գործից անջատվել է Բունիաթ Եղիազարյանի մասն ու նախաքննությունը շարունակվում է:




























