Թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հեռանկարային կանխատեսումներ անելը չափազանց դժվար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ հեռանկար ունի, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե որքան հմտորեն է Թուրքիան մտադիր կառուցել իր քաղաքականությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի հետ: «Չի բացառվում, որ թուրքերը ավելի ագրեսիվ եւ արկածային գործողությունների կդիմեն: Փաստն այն է, որ Սիրիայի իրավիճակը նրանք կապում են հենց Թուրքիայում տիրող իրավիճակի հետ», - բացատրեց փորձագետը:

Խոսելով Անկարայի քաղաքականության եւ տարածաշրջանում քրդերի դերի մասին՝ թուրքագետը նշեց, որ Սիրիայի եւ Թուրքիայի քրդերը խոսում են քրդական լեզվի նույն՝ կուրմանջի բարբառով եւ լիովին հասկանում են միմյանց՝ ի տարբերություն Իրաքի քրդերի: Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, սիրիական քրդերի միակ կուռքը եղել եւ մնում է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը այժմ գտնվում է թուրքական բանտում:

Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նա եւ նրա կողմնակիցներն են հրամաններ տալիս Սիրիայում, քանի որ սիրիական քրդերը ամբողջովին ինքնաբավ են եւ իրենց քաղաքականությունն են վարում:

«Ճիշտ է, այդ քաղաքականությունը այդքան էլ անվնաս չէ տեղական արաբական որոշ ցեղերի նկատմամբ. այստեղ բավականին թշնամանք կա, բայց կարեւոր է, որ Սիրիայի քրդերը, այնուամենայնիվ, կառուցում են իրենց ինքնավարությունը Աբդուլլահ Օջալանի գրքերում դրված սկզբունքներով», - նշեց քաղաքագետը: