Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց պետք չէ սպասել: Նման կարծիք է հայտնել Միջազգային եւ Եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Թիյս Ռոմենսը:

«Վերջին շրջանում լարվածություն է առաջացել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ, եւ այստեղ ուշադրություն է գրավում Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, որն ավելի հաճախ է ընդգծում ուժի կիրառման հնարավորությունը եւ Հայաստանի հայտարարությունը, որն ավելի քիչ հավանական է դարձնում Հայաստանի կողմից ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ճանաչելը»,- 1news.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է փորձագետը:

Նրա խոսքով,  «Կողմերի նման պահվածքը, հնարավոր է պայմանավորված լինի երկու երկրների ներքին քաղաքականությամբ, սակայն դա հստակորեն ցույց է տալիս, որ լուծումը դեռեւս մոտ չէ»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, փորձագետի խոսքով, 2011-ին այդ հարցում էլ առանձնապես առաջընթացի չի արձանագրվի: «ԱՄՆ-ն, իհարկե, հանդես է գալիս սահմանների բացման օգտին, բայց հարցն այն է, թե որքանով է Վաշինգթոնն առանցքային խաղացող այս հարցում: Իհարկե, ԱՄՆ-ը դեռ շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ խաղացողը եւ կարող է օգտագործել մեծ քանակությամբ գործիքներ, որպեսզի Հայաստանին ու Թուրքիային դրդի բանակցությունների: Բայց այդ հարցում երկու երկրներում առկա ներքին դիմադրությունը ցույց է տալիս, որ դա այնքան էլ միջազգային խնդիր չէ»,- ասել է Ռոմենսը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը կարող է մեղմել հաշտության գործընթացը, բայց չի կարող ստիպել երկու երկրների առաջնորդներին գործել սեփական քաղաքական շահերի դեմ:

Բացի այդ, ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում նվազել է: ԱՄՆ-ի ներգրավվածությունը Աֆղանստանի եւ Իրաքի ձգձգված հակամարտություններին, խլում է նրա ռեսուրսները, իսկ Օբամայի վարչակազմը չի ցանկանում որեւէ կերպ ակնարկել տարածաշրջանում  Ռուսաստանի դերի կարեւորության փոքր կամ մեծ լինելու մասին:

Նա նշել է, որ թեեւ Ռուսաստանը վերջին շրջանում շատ ակտիվ է ԼՂ խնդրի լուծման հարցում, սակայն դեռեւս անհայտ է մնում, թե ինչպիսին է Մոսկվայի վերաբերմունքը Կովկասում: «Մոսկվայի կողմից Աբխազիային եւ Հարավային Օսիային աջակցելը, Հայաստանի հետ սերտ կապերը, Ադրբեջանին զենք վաճառելու մասին տեղեկությունները եւ սեփական խնդիրները Հյուսիսային Կովկասում տարրեր են, որոնք բարդացնում է խնդիրը: Հենց այդ անորոշությունն էլ առաջիկա տարիներին կարող է կարեւոր միջազգային գործոն դառնալ Հարավային Կովկասում»,- ամփոփել է քաղաքագետը: