Ռուսաստանի ժամանակակից ընդդիմության շարքերում չկա եւ ոչ մի թեկնածու, որին կարելի է դնել Պուտինի կողքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակակից ռուսական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք որեւէ իրական մրցակցություն կարող են ստեղծել ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի համար 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդները խղճուկ մարդիկ են՝ ապագայի համար ինչ-որ բան կառուցելու, անօգնական ծրագրեր առաջարկելու ոչ պակաս խղճուկ փորձերով, ինչպիսիք էին, օրինակ, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկու առաջարկները:
«Նրանք բոլորը, իհարկե, բացարձակապես պարտվում են Պուտինին՝ նրա խարիզմային եւ ժողովրդի աչքում ձեւավորված կերպարին եւ նրան, ինչին ՌԴ նախագահին հաջողվել է հասնել», - նշեց փորձագետը՝ խոստովանելով, որ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, դեռ չի լուծել երկրում առկա բոլոր խնդիրները: Նադեին-Ռաեւսկին հույս հայտնեց, որ նոր նախագահական ժամկետում Վլադիմիր Պուտինը ոչ միայն կունենա այդ հնարավորությունը, այլեւ ամբողջությամբ կօգտագործի այն՝ ժամանակին բարեփոխելով համապատասխան կառույցները, հաջողությամբ պայքարելով կոռուպցիայի դեմ, նորարարություններ ներդնելով եւ ժամանակակից տնտեսություն կառուցելով՝ հենվելով, առաջին հերթին, ոչ թե հումքի,այլ՝ ինտելեկտի վրա:




























