Երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ պետք է դրսեւորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից: Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսեւորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն եւ գործենք Երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ: Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել եւս նրանց, ովքեր կոչումով եւ գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու եւ վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ:
Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն եւ բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետեւանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում: Եվ վերջում հետեւություն՝ խորհրդի կարգով. տիրապետել խոսքի արվեստին, դեռեւս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում: Այսքանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: «Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պահին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»,-գրել էր թերթը:




























