Թբիլիսիի Կովկասյան տանը հունվարի 8-ին, տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել ենմ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացել է Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լեւան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգեւատրեց պատվոգրով եւ հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր եւ ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
Պատվոգրեր հանձնվեցին նաեւ մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Նշենք, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ եւ վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
.jpg)
.jpg)
.jpg)




























