Ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող մոտ 60 գործակալներ այսօր՝ հունվարի 9-ին, կրկին փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը, հաղորդում է «Ազատությունը»:

Ցուցարարները բողոքում են ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններից։ Նրանք նշել են, որ «Թոփ-Սփին» ընկերությունը մաքսատան տարածքում աշխատելու իրավունք է ստացել, և ապահովագրություն իրականացնելու ամբողջ հնարավորությունը հենց այդ ընկերությանն է ընձեռվել։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե իրենք նախկինում օրական մոտ 10 հազար դրամի ապահովագրություն իրականացնելու հնարավորություն են ունեցել, ապա այսօր անգամ 1000 դրամի չեն կարողանում հասցնել իրենց օրվա եկամուտը։

Ցուցարարները նշեցին, որ իրենք նամակով դիմել են թե՛ վարչապետ Կարեն Կարապետյանին, թե՛ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին։ Ըստ ակցիայի մասնակիցների, նամակին կպատասխանեն երկօրյա ժամկետում։ Այսօր նրանք պահանջում են մինչև պատասխանը դադարեցնել «Թոփ-Սփին»-ի գործունեությունը։

Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Անտոնյանը քիչ առաջ հանդիպել է ցուցարարների հետ, լսեց նրանց պահանջները, հորդորել բացել ճանապարհն ու գնաց հանդիպման մաքսատան պատասխանատուների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող  մի քանի տասնյակ գործակալներ հունվարի 8–ին Բագրատաշենի մաքսատան մոտ բողոքի ակցիա են արել։ Նրանք բողոքում են, որ Մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր։ Ընկերությունը աշխատում է անհավասար պայմաններում, ինչի հետեւանքով իրենք անգործ են մնացել: Ուշագրավ է, որ մաքսատան հարակից տարածք վարձակալելու հնարավորություն չեն ունեցել բազմաթիվ այլ գործակալներ, սակայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին թույլատրվել է։

Մինչ մաքսատան տարածք հասնելը ցուցարարները զանգահարել են պետական գույքի կառավարման վարչություն, տարածքը վարձակալելու պայմանագիրը վավերացրած նոտարին, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանին: Վերջինիս փոխանցել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքված պայմանագրի պատճենը:

Նշենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական  ընկերության գործակալն է:

ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներից Արթուր Ամիրաղյանը նախօրեին NEWS.am–ի հետ զրույցում ասել էր, որ կարճ ժամանակով անցակետ տանող  ճանապարհն են փակել՝ ի նշան բողոքի, որից հետո ավարտվել է բողոքի ակցիան, սակայն եթե իրենց բողոքին չարձագանքեն, վաղվանից վերսկսելու են ակցիաները։