Ռուսական շուկայում հայկական ագրոարտադրանքը կարող է զիջել թուրքականին միայն գնի առումով, բայց ոչ՝ որակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքները իրենց որակի եւ համի շնորհիվ ռուսական շուկայում որոշակի տեղ են զբաղեցնում, եւ թուրքական բանջարեղենի եւ պտուղների վրա դրված էմբարգոյի վերացումը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել ռուսական շուկա արտահանվող հայկական ագրոարտադրանքի ծավալների նվազեցմանը:

«Թուրքական ապրանքները չեն կարող դուրս մղել մեր արտադրանքը ռուսական շուկայից: Այնուամենայնիվ, գների խնդիր կարող է առաջանալ, եթե թուրքական գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը  հայկականից ցածր լինի՝ կապված տրանսպորտի եւ էներգիայի ծախսերի հետ», - ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանը վերացրել էր  թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Մինչ այդ ՌԴ-ն վերացրել էր Թուրքիայում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի մի շարք այլ տեսակների արգելքը: