Հայաստանի բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված գազի շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող երկու խոշոր խաղացողները կարտելային գործարք են կնքել: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) կուսակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Փարսյանը:

Նրա խոսքով՝ երկու դոմինանտների՝ FLASH- ի եւ CPS Oil- ի, գործարքի մասին վկայում է 2018 թվականի հունվարի 1-ից հարկային վճարումների աճին զուգահեռ վառելիքի գների միաժամանակյա եւ համատարած աճը: Ընդ որում, հարկային փոփոխությունների արդյունքում ֆինանսական բեռը ամբողջովին ընկավ սպառողների ուսերին:

«Ոչ մի ընկերություն արտադրանքի պահանջարկը մեծացնելու համար հարկ չհամարեց իր շահույթի հաշվին համեմատաբար ցածր գներով վառելիք վաճառել, ինչն էլ մատնանշում է, որ դա կարտելային գործարք է», - նշեց Փարսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 2012 թվականին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրածախ շուկայում բենզինի՝ մեծածախ գներով վաճառքի համար CPS Oil-ին տուգանել էր 100 մլն դրամի չափով: Ընկերությունը այդ ժամանակ հարկադրաբար վարձակալել էր այլ փոքր խաղացողների գազալցակայանները եւ ստանում էր բենզինի վաճառքից ստացված շահույթի 98 տոկոսը: Արդյունքում, բենզինի շուկան կենտրոնացավ երկու խաղացողների ձեռքում, իսկ մնացած ընկերությունները դուրս մղվեցին շուկայից: «Նման երեւույթները բացառելու համար պետությունը պետք է վերահսկի բենզինի շուկան, օրինակ` առցանց բորսայի միջոցով մեծածախ առեւտրի ճանապարհով, ինչպես նաեւ պետք է վերջապես օրենք ընդունի, որը կարգելի մեծածախ առեւտրով զբաղվողի մուտքը մանրածախ շուկա», - ասաց ՀՀԴ Բյուրոյի ներկայացուցիչը: