Ադրբեջանական ընդդիմադիր ReAl շարժումը մտադիր է հունվարի 21-ին Թբիլիսիում համագումար անցկացնել: Այս մասին haqqin.az-ին հայտնել է պատվիրակներից մեկը, ով կմասնակցի նախատեսված համագումարին:

«Պարադոքսալ է, որ, ի տարբերություն ReAl-ի այլ միջոցառումների, որոնք ուղեկցվում են լայն PR ակցիաներով եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից լուսաբանմամբ, այս համագումարը կազմակերպվում է խիստ գաղտնիության պայմաններում: Այդպես, միջոցառմանը նախապատրաստվելուց առաջ կազմակերպիչները զգուշացրել էին մասնակիցներին տեղեկություն չհրապարակել շարժման համագումարի մասին: ReAl- ի համագումարին մասնակցելու համար Վրաստանի մայրաքաղաք կմեկնի ավելի քան 100 պատվիրակ: Հատկանշական է, որ ReAl-ի գաղտնի համագումարի կազմակերպիչները չեն բացահայտում նաեւ միջոցառման ֆինանսավորման աղբյուրները: Մտահոգիչ է նաեւ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք թույլատրել են ընդդիմադիր կազմակերպությանը գաղտնի համագումար անցկացնել Թբիլիսիում»,-գրում է պարբերականը:

ReAl-ը («Հանրապետական այլընտրանք») ընդդիմադիր շարժում է, որը գլխավորում է ձերբակալված Իլգար Մամեդովը: Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականին Իսմայիլլիում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման համար: 2014 թվականին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 2014 թվականի մայիսին ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ Մամեդովի նկատմամբ քրեական հետաքննության ընթացքում խախտումներ են եղել: