Ռուսաստանում ազգայնականության ցանկացած ալիք անդրադառնում է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։ Նախկինում դա արտահայտվում էր բնակարանների գների բարձրացմամբ՝ բավական էր Մոսկվայում կամ այլ քաղաքում որեւէ հայ հարձակման ենթարկվեր, մի քանի տասնյակ ռուսաստանաբնակ հայեր անպայման Երեւանում անշարժ գույք էին ձեռքբերում՝ «սեւ օրերի համար»։
Այդպես էր մինչեւ ճգնաժամը, եւ դա մեծապես նպաստեց, որ Երեւանում բնակարանների գները հասնեն իրենց պատմական առավելագույնին։
Ազգայնականության վերջին ալիքը, որն արտահայտվում է «սեւերի» նկատմամբ համընդհանուր ագրեսիայով, նույնպես անհետեւանք չի անցնի Հայաստանի համար։ Առայժմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներն իրավիճակը բնորոշում են լարված, սակայն տանելի։ Սքինհեդների արշավներից հետո ֆուտբոլային ֆանատների գործելաոճը առանձնապես սարսափելի չի թվում։ Սակայն խնդիրն այն է, որ այս անգամ գործ ունենք ռուսական հասարակության ներսում շատ ավելի խորը առճակատման հետ։ Արդեն իսկ կան տեղեկություններ, որ ազգությամբ ռուս գործատուները համատարած հրաժարվում են ոչ ռուս ազգության ներկայացուցիչներին աշխատանքի ընդունել։ Իսկ դա առաջին հերթին խնդիրներ է հարուցում սեզոնային արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Նրանցից շատերը Հայաստան են վերադառնում ժամանակից շուտ, շատերը կրճատել են դեպի Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։ Առայժմ այս առումով վերջնական տվյալները ընդհանրացված չեն, սակայն Հայաստանի արժութային շուկան արդեն իսկ նախատոնական օրերին զգում է դոլարի առաջարկի ոչ բավարար աճ։
Այսպիսով՝ ազգայնականության ալիքը առաջին հերթին կհարվածի Հայաստան մուտք լինող տրանսֆերտների ծավալին, որն էական դերակատարում ունի սպառողական պահանջարկի պահպանման համար։ Այս միտումը ամենայն հավանականությամբ կպահպանվի նաեւ հաջորդ տարի, քանի որ կնվազի արտագնա աշխատանքի մեկնողների քանակը՝ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացման պատճառով։
Սակայն հարկ է նշել, որ տրանսֆերտների կրճատումը թեեւ կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա, երկարաժամկետ կտրվածքով կունենա դրական հետեւանքներ։ Տրանսֆերտների առատությունը աղճատում է ֆինանսական իրավիճակը, հանգեցնում դրամի տնտեսապես չհիմնավորված արժեւորման։ Այն զարգացնում է այսպես կոչված «հոլանդական հիվանդությունը»՝ երբ տնտեսությունը հիմնվում է անաշխատ եկամուտների վրա։ Տրանսֆերտների կրճատումը կթուլացնի հայկական դրամը, սակայն դրական կանդրադառնա հայկական արտադրության ապրանքների մրցունակության վրա։
Անշուշտ՝ սխալ է կարծել, որ Ռուսաստանը վերջնականապես կհրաժարվի կովկասյան կամ ասիական միգրանտներից։ Նրանք ռուսական տնտեսության շարժիչ ուժն են, եւ այդ երկրի համար ապահովում են էժան եւ որակյալ աշխատուժ։ Ի վերջո՝ ոչ սքինհեդները, ոչ էլ ֆուտբոլային ֆանատները չեն ցանկանում, որ կովկասցիները Մոսկվայից կամ այլ քաղաքներից հեռանան։ Նրանք պարզապես ցանկանում են սարսափի մթնոլորտ ստեղծել, քանի որ ազգայնականների մեծամասնությունը չի աշխատում, կամ կարիերայի առումով հեռանկարներ չի տեսնում։ Ինչ որ առումով՝ ազգայնականները ցանկանում են միգրանտներին ճորտական կախվածություն պարտադրել, այլապես ի վիճակի չեն լինի միաժամանակ զվարճանալ եւ չաշխատել։ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, թեեւ միգրանտների առատությանը, հիմա էլ կարելի է բազմաթիվ թափուր աշխատատեղեր գտնել, ոչ այն պատճառով իհարկե, որ աշխատուժի պակաս կա, այլ պարզապես տեղացիների մի հսկայական խավ աշխատել չի ցանկանում։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ չի հրաժարվի միգրանտների ծառայությունից։
Սամվել Ավագյան




























