«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եւ առհասարակ կուսակցության համակիրների շրջանում  նախագահի հազարավոր թեկնածուներ կան, բայց թեկնածու առաջադրելը պատեհ չէ, քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ 

«Ես կոնկրետ  հարցեր ունեմ տալու ՀՀԿ–ի նախագահի թեկնածուին։ Արմեն Սարգսյանին չեմ ճանաչում, նա  դեռ չի պատասխանել, որ առաջադրվելու է ՀՀԿ–ի կողմից, երբ որ կասի եւ կգա խմբակցությունների հետ հանդիպման, ես իրեն կոնկրետ հարցեր ունեմ տալու կտամ եւ կորոշեմ ինչ անել»,- ասել է նա ։

Թե ինչպես խմբակցությունը կքվեարկի ՀՀԿ–ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն  Սարգսյանի օգտին, պատգամավորն ասաց՝ պարզ կլինի խմբակցության հետ  հանդիպումից հետո։ «Ամեն դեպքում ինքը պետության գլուխ է, եւ Սահմանադրության երաշխավորն է, իսկ էդտեղ ես հարցեր ունեմ, որոշումների հետ կապված որպես արբիտր կարողանալո՞ւ է հանդես գալ, թե պատրաստ չի խիզախությունը վերցնել իր վրա, եթե լսեմ, որ պատրաստ չէ, ես քննարկումից հետո իմ վերաբերմունքը կարտահայտեմ»։ Մինչ պատգամավորը սեփական կարծիքը կկազմի, արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» խմբակցությունում որոշված է, որ  միաձայն քվեարկելու են իշխանության թեկնածուի օգտին՝ իրականացնելով Սերժ Սարգսյանի ցանկությունը, որ թեկնածուն ընտրվի մեկ փուլով եւ լայն համաձայնությամբ։ Հիշեցնենք, որ ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի քվեն բավարար չէ առաջին փուլի համար։ Անհրաժեշտ է 79 ձայն, իսկ ՀՅԴ–ն եւ ՀՀԿ–ն միասին 65 քվե ունեն։ «Ելք» դաշինքի պատգամավորներն արդեն հայտարարել են, որ չեն քվեարկելու Արմեն Սարգսյանի օգտին։