Ձվի շուկայում իսկական աժիոտաժ է: Երբեմնի մատչելի այդ սննդատեսակը Երեւանի անունավոր խանութներում այս օրերին դժվար է գտնել, գտնելու դեպքում էլ այն կարող եք ձեռք բերել խորհրդային ժամանակների պես՝ «տակից» եւ որ ամենակարեւորն է՝ նկատելի թանկացած՝ 65-100, ընդհուպ՝ 140 դրամով:
Այսօր NEWS.am-ը խանութներից մեկում արձանագրեց հետեւյալ տեսարանը. խանութի վաճառասրահ բերվեց ձվի որոշակի խմբաքանակ, ինչը տեսնելով, գնումներ կատարողները միանգամից վրա տվեցին եւ սկսեցին խլխլել ձվերը, յուրաքանչյուրը երկու-երեք արկղ: Խանութի մենեջերը փորձում էր հագստացնել գնորդներին հորդորելով. «Հանգիստ, ժողովուրդ, իրար մի կերեք, բոլորիդ էլ կհասնի»:
Թե ինչն է նախատոնական այս շրջանում ի հայտ եկած «ձվաքաղցի» պատճառը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ խանութներում ուղղակի խնդրում էին գնել այդ սննդամթերքը ընդամենը 5-10 դրամով, պետք է պարզեն պատկան մարմիները:
Իսկ մինչ այդ NEWS.am-ը այցելեց ձվի շուկայի ներկայացուցիչներից մեկը՝ «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», որի տնօրեն Մանասե Եփրեմյանն իր բացատրությունն ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Սննդի համաշխարհային շուկայում որոշ սննդատեսակների դեֆիցիտ է նկատվում: Եւ քանի որ դրանց նկատմամբ պահանջարկը մեծացել է, բնականաբար նկատելի է գների աճ: Գների համատարած աճի հետեւանքով մեր շուկայում միակ սննդամթերքը, որը համեմատաբար ավելի էժան է ու սննդարար, դա հավկիթն է: Եւ սպառողը մեծացնում է հավկիթի սպառումը, քանի որ դրանով է փոխարինում սննդային այլ կոմպոնենտները»: Եփրեմյանի տվյալներով՝ մեկ քաղաքացու համար միջին զամբյուղը կազմում է տարեկան 270-280 հավկիթ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ աշխարհում Հայաստանը ձվի սպառմամբ առաջին տասնյակում է»,- ասաց նա:
Նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատած, Լուսակերտի ֆաբրիկան 10 տոկոս ավելի ձու է հանել շուկա: Երեկ ֆաբրիկայի պահեստում մեր ֆոտոխցիկը 70 արկղ ձու ֆիքսեց: Մանասե Եփրեմյանի տվյալներով՝ օրական պահեստ է մտնում 730 արկղ ձու, եւ մինչեւ օրվա վերջ ամբողջ քանակը «օդից թռցնում են»: Ձվի պահանջարկն այնքան մեծ է, որ, ինչպես խրոխտ հայտարարեց ԼԹՖ տնօրենը, «եթե իմ այցեքարտի վրա էլ գրեմ ձու՝ վաճառվելու է»: Նույն Մանասյանը շուկայում տեղի ունեցող աժիոտաժը, ձվի գների շեշտակի աճը բացատրում է այսպես. «Ձուն չի թանկացել, պարզապես ձվի գինն սկսել է վերականգնվել, որովհետեւ ձվի արտադրության մոտ 85 տոկոսը դա ներմուծված կերերն են: Այսինքն, կերերի արժեքը մեր շուկայից անկախ արժեք է, որովհետեւ մենք եգիպտացորեն, վիտամիններ եւ այլ հավելանյութեր չենք արտադրում, եւ ստիպված ենք ներմուծել: Նախորդ եւ նախանցած տարվա համեմատությամբ, հավկիթի գինն այսօր ավելի էժան է:
Նկատեն, որ նախորդ տարվա համեմատ մենք այս տարի 10 տոկոս ավել ձու ենք հանել շուկա»: Ըստ Եփրեմյանի՝ ԼԹՖ-ն հավկիթի գինը նոր չէ, որ սահմանել է, այլ սկսած նոյեմբերի 8-ից, «եւ այսօր մի լումա չի ավելացրել գինը»: Եւ որքա՞ն է այդ գինը: «Միջին արժեքը մեզ մոտ 48 դրամ է: Ձուն խանութներին վաճառում ենք 42-48 դրամով: Մեզ մոտ գնային քաղաքականությունը երբեք չի փոխվում, որովհետեւ գնային քաղաքականության ելեւէջները հետագայում ազդում են ձվի շուկայի վրա»:
Եփրեմյանը ձվի գների աճը բացատրում է որոշ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող սպեկուլյացիայով: «Ձվի թանկացումը մի քանի էտապով կատարվող վերավաճառքի հետեւանք է: Շուկայում առկա դեֆիցիտի պայմաններում ձվի գնի աճը շատ տրամաբանական է: Եւ բանական է, որ այդ գինը կարող է հասնել մինչեւ 100 դրամի»:
Այսինքն, երբ X խանութում ձվի գների շեշտակի աճ է գրանցվում, նշանակում է, որ տվյալ խանո՞ւթն է սպեկուլյացիայով զբաղվում, թե՞ այլոք՝ հարցին ԼԹՖ տնօրենը պատասխանեց. «Սպեկուլյանտները շատ-շատ են: Խանութին կարող է ձու մատակարարել ոչ միայն մեր ֆաբրիկան կամ այլ ձու արտադրող ընկերություն, այլ նաեւ սպեկուլյանտը: Դրանք ֆիզիկական անձինք են, որոնք Ա կետից գնում են եւ Բ կետում վաճառում: Նրանք խանութներին առաջարկում են իրենց գինը, եւ քանի որ պահանջարկ կա, խանութները վերցնում եւ վերավաճառում են: Եթե մենք էլ ցանկանանք, ինչ որ պահի կարող ենք դառնալ սպեկուլյանտներ: Կարող ենք ինչ-որ խանութից գնել ձու, տանել մեկ այլ խանութ, 5 դրամ ավել դնել ու վերավաճառել: Նույնիսկ եթե 10 դրամ ավել էլ դնենք, գնելու են»:
Հարկ է նշել, որ ԼԹՖ ղեկավարությունը դեռ նոյեմբերին, կանխատեսելով ձվի դեֆիցիտը, Պարսկաստանից 900 հազար հատ հավկիթ է ներմուծել եւ իր արտադրանքից բացի շուկա է հանել ներմուծված ձուն՝ այսպիսով ներմուծման շնորհիվ անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ 10 տոկոսով ավելացրել է ձվի առաջարկը: Ներմուծված հավկիթը մակնշված է՝ «ԼԹՖ imp», որով էլ գնորդը կարող է զանազանել պարսկական օդով ու ջրով սնված հավերի ածած ձվերը: Ի դեպ, ներմուծված պարսկական ձվերի գրեթե ողջ խմբաքանակը սպառվել է (պահեստում մի քանի արկղ ձեւ էր մնացել): Այդ ձվերը, Եփրեմյանի խոսքով, իրենց արտաքին տեսքով գերազանցում են ԼԹՖ-ի արտադրանքը, իսկ թարմությամբ՝ զիջում:
Մարդիկ, ովքեր չեն հասցրել ձեռք բերել թանկարժեք մթերքը, հույս ունենա՞ն, որ իրենց թխվածքներն ու աղցաններն առանց ձվի չեն թխի ու պատրաստի եւ մինչեւ Նոր տարի ձեռք կբերեն ձու: Այս հարցին Եփրեմյանը գնորդներին մխիթարող պատասխան չտվեց, ապավինելով գնորդների ճարպկությանը: «Մենք, ինչքան հնարավորություն ունենք, մինչեւ վերջին հատիկ ձուն ուղարկում ենք շուկա: Իսկ հավը հաստոց չի, որ ավել աշխատացնեմ, որ ավել ածի: Հավն իր ածելու լիմիտն ունի»:
Հ.Գ. Ակներեւ է, որ ձվի շուկայի «մագնատները» մեծ շահույթ ունեցան շուկայում արձանագրված աննախադեպ թանկացումից: ԼԹՖ-ի տնօրենը, սակայն, հայտարարեց, որ ընկերությունը դեռեւս 609 միլիոն դրամի վնաս ունի՝ ամռան ամիսներին շուկայում ի հայտ եկած կոլապսի հետեւանքով: Ինչպես ասում են՝ հարկային մարմինների ականջը կանչի:
Հեղինե Մանուկյան





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























