Հայ եւ թուրք հեղինակների կողմից հրատարակված «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» վերնագրով գիրքը լույս է ընծայվել երեք ` հայերեն, թուրքերեն եւ անգլերեն լեզուներով։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Գրքի առաջին մասը` «Ափսոս, որ նրանք չմնացին» ենթավերնագրով, գրել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեզին։ Երկրորդ` «Ո՞ւմ ներել։ Ի՞նչ ներել» մասը, գրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Հրանուշ Խառատյան-Առաքելյանը:

Այս մասում 1915-ի ցեղասպանությունից փրկված մի կնոջ պատմություն է, որը փոխանցել է նրա ազգականը. «Տատիկիս ամբողջ կյանքի ընթացքում ոչինչ չէր ուրախացնում։ Նա մահացավ ցավերի մեջ` միշտ կրկնելով, որ դա հատուցում է իր գործած մեղքի համար։ Նա գաղթի ճանապարհին էր թողել իր փոքրիկ աղջկան։ Դա շատ տխուր պատմություն է։ Ճանապարհին նրանք ոչ մի ուտելիք չեն կարողացել գտնել։ Նրանք չորս երեխա են ունեցել։ Փոքրիկ աղջիկն ամբողջ ժամանակ լաց է եղել։ Թուրք զինվորը անընդհատ խփել է նրան ու կարգադրել, որ արագ քայլի, հետ չընկնի։ Պապս ասել է` «արի թողնենք աղջկան այստեղ, ճանապարհին, իսկ մենք գնանք, մենք կարող ենք փրկել միայն մեր երեք տղաներին»։

Այս պատմությունը ներկայացնողը որոշ դադարից, մտքերը հավաքելուց հետո ասել է։  «Տատիկս երկար էր մահանում… Նա բացում էր աչքերն ու ասում, որ տանջվում է ճանապարհին թողած երեխայի համար»։

Իսկ թուրք հեղինակը գրքի իր հատվածի համար վերնագիր է ընտրել մի թուրք երիտասարդի խոսքերը` «ափսոս՝ նրանք չմնացին»։

Սա 1960-ականների սկզբին կենտրոնական Անատոլիայի Ակչեիր քաղաքի դպրոցի աշակերտ Քամալի պատմությունն է։

Նրանք որոշել են լքված եկեղեցում թատրոն բացել։ Սկսել են մաքրել տարիներով նստած փոշին։ Ինչ-որ մեկը խողովակով ջրի շիթը ուղղել է պատերի վրա, ու եկեղեցու պատերին որմնանկարներ են հայտնվել, որոնք չէին երեւում, քանի որ եկեղեցու պատերը սպիտակեցված էին, որպեսզի ոչ մեկը չիմանա, որ այնտեղ հայեր են ապրել։ Քամալն ուրախացել է որմնանկարները վերագտնելու համար, որ արվել էին մարդկանց կողմից, որոնց մասին մանկությունից նա արհամարհական «գյավուր» բառը գիտեր։