Արմավիր քաղաքում ապրող Գալստյանների բազմանդամ ընտանիքը մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է նոր բնակարան: Աշոտ Գալստյանն իր 5 երեխաների եւ կնոջ հետ 21 տարի վարձով  է բնակվել: Անավարտ շենքում մի բնակարան է նվեր ստացել եւ սեփական ուժերով այն հասցրել քիչ թե շատ բնակելի վիճակի: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը խոստովանեց, որ շատ գոհ է, որ գոնե այս փոքրիկ անկյունն ունի եւ հույս ունի, որ ալեւս ստիպված չի լինի վարձով բնակարաններ փոխել:

«21 տարի վարձով ենք մնացել, չունեինք մեր սեփական տունը: Այս կիսակառույց բնակարանը մեր ծանոթներից մեկն է մեզ հատկացրել: Ճիշտն ասած, նա ուզեցել է գնել այս բնակարանը, սակայն տանտիրոջը չի գտել: Մենք եկանք այստեղ, ու եթե տանտերը հայտնվի, մենք համաձայն ենք այս բնակարանը հանձնել իրեն: Բայց տանտերը չկա, ու մենք անձնագրով գրանցվել ենք այստեղ: Մեր ընկերների, բարեկամների շնորհիվ քիչ թե շատ  բարվոք վիճակի ենք հասցրել ու բնակվում ենք»,-պատմեց Աշոտ Գալստյանը` նշելով որ չունեն տան սեփականության վկայական եւ ամեն օր կարող են կորցնել բնակարանը:

Գալստյանների 3 տղաներից ավագը` Դավիթը ապրիլյան քառօրյային է մասնակցել, միջնեկը 1 տարի առաջ է բանակ զորակոչվել, փոքրն էլ 10 օր առաջ է մեկնել հայրենքին ծառայելու: Գալստյանների 2 դուստրն էլ դպրոցական են: Ընտանիքում ոչ ոք մշտական աշխատանք չունի, նպաստն էլ օրեր առաջ են կտրել, 1 միավոր սահմանվածից պակաս լինելու պատճառով: Ընտանիքում միայն զորացրված Դավիթն է աշխատում, այն էլ մշտական աշխատանք չունի:

«Կուզեինք, որ բնակարան ունենայինք, որովհետեւ երեխեքը շուտով զորացրվելու են, եւ կուզեինք, որ պետությունը իրենց կողքին լիներ, աջակցեր իրենց: Մենք էլ եթե հնարավորություն լիներ ավելի շատ զինվոր կտայինք մեր հայրենքին»,- ասաց Աշոտ Գալստյանը:

Գայանեն եւ Աշոտը բանակում ծառայող իրենց տղաներին եւ բոլոր զինծառայողների անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին, երկրին էլ խաղաղություն: