ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն բարիք է մաղթում բրիտանացի արքայազն Հարրիին եւ ամերկացի դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլին, սակայն հազիվ թե մայիսին նրանց հարսանիքին մասնակցի: Այս մասին, ինչպես հայտնում է Press Association-ը, Թրամփը հայտարարել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում, որը հունվարի 28-ին ավելի ուշ կցուցադրվի ITV-ի եթերում:

«Ես ցանկանում եմ, որ նրանք երջանիկ լինեն: Ես իսկապես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն: Նրանք հրաշալի զույգ են երեւում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կցանկանա՞ր մասնակցել հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 19-ին տեղի է ունենալու Լոնդոնին հարակից Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում:

Ավելի վաղ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ Հարրին ԱՄՆ ներկայիս նախագահին հրավիրելու ծրագրեր չի ունեցել, եւ այս պատճառով որոշել է չհրավիրել նախագահի պաշտոնում Թրամփի նախորդին՝ Բարաք Օբամային: Թրամփը հաստատել է, որ ոչ մի հրավեր չի ստացել: «Ես, համենայնդեպս, այդ մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է նա: