ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի սաֆարի պարկում (Քալիֆորնիա նահանգ) սատկել է անազատության մեջ ապրող ամենածեր գորիլաներից մեկը: Այս մասին հայտնել է կենդանաբանական այգու աշխատակազմը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Մենք ցավով հայտնում ենք Վիլայի սատկելու մասին, որն աշխարհում ամենածեր գորիլաներից մեկն էր: Անցյալ տարվա հոկտեմբերին նա նշեց իր 60-րդ տարեդարձը»,- նշված է այգու Facebook-ի էջում:
Վիլան իր ձագերի 5 սերունդ է մեծացրել, ինչպես նաեւ եղել է այլ արեւմտյան դաշտային գորիլաների ձագերի որդեգիր եւ կերակրող մայրը:
Աշխատակազմից նշել են, որ Վիլան վերջին տարիներին եղել է անասնաբույժի մշտական հսկողության ներքո եւ տարեց տարիքի պատճառով կարանտինում էր ապրում: Այս կենդանիները սովորաբար 35-40 տարի են ապրում: Մինչեւ այս տարիք չափազանց սակավաթիվ առանձնյակներ են ապրում:
Վլան սատկել է իր հոտով շրջապատված: Հիմա անազատության մեջ ապրող ամենածեր գորիլան 61 տարեկան Թրուդին է՝ Արկանզասի կենդանաբանական այգուց:




























