Բրյուսել տեղափոխված Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը կարող է հաստատվել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում միայն այն դեպքում, երբ անձամբ ներկա լինի Կատալոնիայի խորհրդարանի նիստին: Նախօրեին նման որոշում է կայացրել Իսպանիայի Սահմանադրական դատարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատարանի որոշմամբ, Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորն իրավունք ունի կառավարության ղեկավարի պաշտոնին անցնելու ընթացակարգ անցնել միայն եթե անձամբ է ներկա խորհրդարանի նիստին: Այսպիսով, տեսակապի միջոցով ընթացակարգը դատարանն անօրինական է ճանաչել:

Դատավորները նաեւ որոշել են, որ Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարան ժամանելուց առաջ պետք է ստանա Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենի թույլտվությունը, որը վարում է Պուչդեմոնի գործը եւ նրան կալանավորելու որոշում է կայացրել: