Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերահսկման մեջ վտանգ են տեսնում իրենց բիզնեսի նկատմամբ: Նման կարծիք հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այդ պատգամավորներն ամեն ինչ արել են Հայաստանում ԳՁՕ արտադրանքի վերահսկման վերաբերյալ համապատասխան օրենքի ընդունումը կանխելու համար: «Սակայն խոսքը ազգային անվտանգության ապահովման մասին է: Վերջին տարիներին համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել եւ շատ բացասական հետեւանքներ են հայտնաբերվել, ինչը մեզ թույլ է տալիս ավելի հստակ խոսել ԳՁՕ-ների կողմից սպառնալիքների մասին»,- ասաց Դանիելյանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում ԳՁՕ-ների վերաբերյալ որեւէ գիտական հետազոտություն չի եղել, սակայն աշխարհում նման ուսումնասիրություններ իրականացվել են: Մի շարք հայտնի գիտնականներ նամակներով դիմել են հասարակությանը՝ նախազգուշացնելով ԳՁՕ արտադրանքի սպառնալիքների մասին: Օրինակ, ԳՁՕ-ները հանգեցնում են մարդու իմունիտետի խաթարմանը, ապացուցված է նաեւ դրանց ալերգիկ ազդեցությունը: «Օրինակ, ԱՄՆ-ում ալերգիայի տարածվածությունը 70.5 տոկոս է կազմում, իսկ Շվեդիայում, որտեղ ԳՁՕ-ները արգելված են, այդ ցուցանիշը ընդամենը 7 տոկոս է կազմում»,- ասաց փորձագետը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Հայաստանի խորհրդարանում լսումներ կայացան «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները. այլընտրանք, թե՞ պարտադրանք» թեմայով: