ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանվել է ՀՀ առաջին ատյանի դատարանների նստավայրերի, դատավորների՝ ըստ նստավայրերի եւ մասնագիտացումների բաշխման ու թվակազմի ցանկը:

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից նախաձեռնած եւ ԱԺ-ում մինչեւ տարեվերջ հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը հունվարի 25-ից մտելմ է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Երեւանի համայնքային դատարանները շարունակելու են գործել որպես մեկ ընդհանուր՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։ Իսկ Երեւանի վարչական շրջանների դատարանները կոչվելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրեր:

Ըստ այդմ, «Սասնա ծռեր-1»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործունեությունը կծավալի Ավանի նստավայրում եւ կզբաղվի անչափահասներին վերաբերող քրեական գործերով:

«Սասնա ծռեր-2»-ի գործով դատավոր Մեսրոպ Մակյանը գործելու է Կենտրոնի նստավայրում եւ կզբաղվի քրեական գործերով:

«Սասնա ծռեր-3»-ի գործով դատավոր Արթուր Օհանյանը կգործի Ավանի մասնաճյուղում եւ կզբաղվի քրեական գործերով:

Զինված խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը, Սեֆիլյանի գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս գործեն Կենտրոնի մասնաճյուղում եւ կզբաղվեն քրեական գործերով:

Հատկանշական է, որ Կաշառք վերցնելու գործով կալանավորված դատավոր Իշխան Բարսեղյանի մասով եւս որոշում է կայացվել. թեեւ նա այժմ կալանավորված է եւ դատաքննություն է ընթանում, սակայն միաժամանակ, որոշում է կայացվել, որ Իշխան Բարսեղյանը որպես դատավոր գործելու է Երեւանի Քանաքեռի նստավայրում եւ զբաղվելու է քաղաքացիական գործերով:

Նշենք, որ հունվարի 25-ից Երեւանի համայնքային դատարանները գործում են որպես մեկ ընդհանուր՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է: