Այս տարի նշելու ենք 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ, այդ պատճառով է նաեւ, որ քաղաքում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը, հաղորդում է «Շիրակ Կենտրոնը»:

Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր եւ ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ դրանք չեն քանդել եւ քաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից:

Մեր փորձը ցույց է տալիս, որ քաղաքը վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից այն է, որ չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն փաստացի տնօրինողներից ու քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթեւան ընտանիքներին:

Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է 350-450 հազար ՀՀ դրամ:

Յուրաքանչյուր տնակի ձեռք բերման մանրամասները, այդ թվում տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորի մասին հաղորդագրությունը, տնակների քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում, էլեկտրոնային այլ պարբերականներում եւ սոցիալական կայքերում: