ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել երկուշաբթի հրապարակված «կրեմլյան զեկույցին» առանց զգացմունքայնության վերաբերվել եւ ընդգծել, որ փաստաթուղթը պատժամիջոցային ցուցակ չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա ընդամենը զեկույց է, որն օրենքով է պահանջվում եւ կազմվում Ֆինանսների նախարարության ու Պետքարտուղարության կողմից, իսկ ԱՄՆ Կոնգրեսն այս զեկույցն ունենալով՝ որոշում է, թե ինչպես վարվել: Ես կասեի՝ չի կարելի, որ զգացումները գերակշռեն, սա նոր պատժամիջոցներ չի, սա ընդամենը զեկույց է»,- երեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է նա:

Դեսպանն ընդգծել է, որ զեկույցն ընդամենը անձանց ցանկ է ներկայացնում, որոնք Ռուսաստանում ազդեցություն ունեն: «Ոչինչ ավելի»,- հավելել է նա:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է, այսպես կոչված, կրեմլյան զեկույցի հրապարակային տարբերակը, որի մեջ են ներառվել ՌԴ կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, նախագահական աշխատակազմի ղեկավարությունը, պետական մի շարք կորպորացիաների եւ պետական բանկերի ղեկավարները, ինչպես նաեւ բիզնեսմեններ, որոնց կարողությունը, ամերիկյան աղբյուրների տվյալներով, կազմում է 1 եւ ավելի մլրդ դոլար: