Իսպանիայի Բադախոս նահանգի Բյենվինեդա գյուղում 113 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենածեր մարդը՝ Ֆրանցիսկո Նունյոս Օլիվեյրան, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Local պարբերականը:

Օլիվեյրան ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 13-ին: 1920 թվականին մասնակցել է Իսպանիայի, Ֆրանսիայի, Մարոկկոյի՝ Րիֆ էմիրատի դեմ պատերազմին: Պատերազմից հետո իսպանացին վերադարձել է հայրենի գյուղ: «Ես ամբողջ կյանքում աշխատել եմ դաշտում»,- 2017 թվականին El Mundo թերթին տված հարցազրույցում պատմել էր Օլիվեյրան:

Օլիվեյրան պնդում էր, որ երբեք առողջության հետ կապված բողոքներ չի ունեցել, ոսկորները չի կոտրել եւ արյան հիանալի ճնշում է ունեցել: 90 տարեկանում հեռացվել էր նրա երիկամը, 98-ում ` կատարակտը, իսկ 108 տարեկանում նա հոսպիտալացվել էր միզուղիների վարակի պատճառով: